Մամ սոված ե՞մ: Չէ, բալես, քունդ ա տանում

Օրերս Մասիսում միմիյանց տարածք «ներխուժելու» համար իրար էին բախվել ՀՀԿ-ից ռեյտինգային թեկնածուներ Արայիկ Գրիգորյանն ու Մուրադ Մուրադյանը: Այնուհետև լուր տարածվեց, որ երկուսն էլ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել են նախատինքի, ինչն էլ ըստ էության չի ժխտել Մուրադ Մուրադյանը, «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրուցելիս: Մեջբերում եմ թերթում տպված նրա խոսքն, առանց որևէ փոփոխության. «Մանրամասն չասեմ ինչ է ասել։ Բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն։ Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի։ Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»:

Սա զավեշտ է, ուղղակի խայտառակություն: Նման նկատողություններ սովորաբար անում են մանկապարտեզի սաներին, կամ դպրոցական աշակերտներին. Բալիկ ջան, քեզ խելոք պահի, թե չէ ծնողներիդ կասեմ, կպատժեն: Նման նկատողություններ անում են այն անչափահասներին, ովքեր նոր են պատրաստվում կյանք մտնել ու դաստիարակները նրանց փորձում են դարձնել հասարակության պիտանի անդամներ:

Ինչևէ, հասուն մարդը նույնպես կարող է տարիների հետ հասունանալ զուտ տարիքի ավելացմամբ, առանց մտածելակերպի որևէ զգալի փոփոխոության: Դա իր խնդիրն է: Բայց երբ այդ մարդը որոշում է զբաղվել նաև իմ հարցերով, դա դառնում է նաև իմ խնդիրը:

Ի՞նչ կարող է ակնկալել հասարակությունը այն պատգամավորներից, ովքեր օրենսդիր գործունեությամբ զգաղվելուց առաջ, տարրական վարվելաձև չունեն: Ի՞նչ կարող է ակնկալել հասարակությունը այն անձանցից, ովքեր անձամբ, կամ իրենց թիկնապահների, կամ թիմակից կոչվող կամատակարների միջոցով ունակ են «հոշոտել» իրենցից պակաս հնարավորություն ունեցողներին, սակայն պատրաստ են նվաստացած, խոնարհված կանգնել իրենցից առավել զորեղի առջև ու լսել նախատինքի խոսքեր, մոռանալով, որ ցանկացած հասուն տղամարդ, առնվազն պետք է վիրավորվեր նման նկատողություններից: Ի՞նչ կարող է սպասել հասարակությունը այն քաղաքական գործիչներից, ովքեր չունեն սեփական մտածելակերպ, սեփական մոտեցումներ, սեփական հայացքներ: Զուրկ են քաղաքական կամքից, գաղափարներից ու ինչպես պարզվեց, զուրկ են նաև միջանձնային հարաբերություններ կառուցելու սեփական կարողությունից:

Այն, որ մեզ մոտ դասական առումով քաղաքական համակարգ, քաղաքական դաշտ, քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն, դա փաստ է: Կան սոսկ անհատներ, ովքեր ձևավորում են այդ համակարգը, թելադրում մոտեցումները, հուշում այլոց ասելիքները, որոնք բնականաբար հրամցվում են, որպես թիմի տեսակետներ:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ քաղաքական դեգրադացիայի արդյունքում, դեգրադացվում է նաև հասարակության մոտեցումները քաղաքական երևույթների նկատմամբ, թեպետ հասարակության մեղքի բաժինն ամենափոքրն է այս դեգրադացման գործընթացում:

Ես ճանաչում եմ մի գործչի ում հարվածել էին հանրահավաքներից մեկի ժամանակ ու երբ լրագրողը նրան հարցրել էր, արդյո՞ք եղել է նման բան, նա իրեն պահել էր իսկական տղամարդու պես, ասելով. «Հայաստանում չի ծնվել այն մարդը, ով կարող է ինձ հարվածել»: Իսկ հայտարարել, որ ինձ ինչ դիտողություն պետք է, արել են…նման խոստովանությունն առնվազն հարիր չէ հասուն տղամարդուն, ուր մնաց քաղաքական գործչին:

Կրկին ցանկանում եմ շեշտել, անձամբ ինձ համար բացարձակ միևնույնն է, ով ում է դիտողություն արել, ով, ում հետ չի կարողանում տարածքներ կիսել, կամ ով, ում է ապտակել, եթե այդ ամենը տեղի ունենար այլ պարագաներում: Սակայն որպես ՀՀ քաղաքացի, որևէ դրական ակնկալիքներ ունենալ չեմ կարող այն խորհրդարանից, որոնց պատգամավորների պահելաձևը նմանվում է. Մամ սոված ե՞մ: Չէ, բալես, քունդ ա տանում, անեկդոտին:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում