Պենտագոնը ԻՊ-ի նկատմամբ «արագ հաղթանակի» պլան է ներկայացրել Թրամփին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, նախագահ Դոնալդ Թրամփի ցուցմանը համապատասխան, Սպիտակ տուն է ներկայացրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի նոր պլանի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը: 

Նա իրազեկել է, որ նոր պլանի նախագիծն Սպիտակ տուն է ներկայացրել պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը: Այն նախատեսում է «արագորեն պարտության մատնել ԻՊ-ին»: Դիտորդները կարծում են, որ պլանի նախագիծը կարող է ներառել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորակազմի ավելացման առաջարկություններ:

Ավելի վաղ, բնութագրելով ահաբեկչական կազմակերպություններից բխող սպառնալիքը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է. «Դա ոչ միայն Սիրիան ու Իրաքն են, դա անդրտարածաշրջանային սպառնալիք է»:

Գեներալը նշել է, որ ահաբեկիչների դեմ զինված պայքարն անհրաժեշտ է զուգորդել դիվանագիտական ջանքերի հետ, հաղորդել է «ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում