Ջեյմս Ուորլիքի համար մինչև օրս բացահայտված չեն ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները

Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը: «Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճա նապարհին»,-նշել է նա:

Ջեյմս Ուորլիքի խոսքով` միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը եւ խուսափել զոհերից: «Ես հույս ունեմ՝ նախագահները կհամաձայնեն հանդիպել եւ բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմերի միջեւ քննարկման հնարավորություններ կստեղծեն»,-ասել է նախկին համանախագահը, հավելելով, որ մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները. «Ապրիլին մենք տեսանք մեծաթիվ զոհեր եւ նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել»,-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում