Դոնալդ Թրամփը խոստացել է նոր ընկերներ գտնել աշխարհում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները պետք Է նոր ընկերներ գտնի աշխարհում եւ տարբեր երկրների հետ կարգավորի համագործակցությունը այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ամերիկան մտադիր է գտնել նոր ընկերներ եւ ստեղծել նոր գործընկերություններ այնտեղ, որտեղ շահերը համընկնում են»,- հայտարարել է Թրամփը ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների առեջեւ ունեցած ելույթում:

ԱՄՆ-ը պետք է ամբողջ աշխարհում իր դաշնակիցների հետ համագործակցի ԴԱԻՇ-ին ոչնչացնելու նպատակով, ասել է Թրամփը: «Ինչպես որ խոստացել էի, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը մշակել ԴԱԻՇ-ի՝ սանձարձակ վայրենիների ջախջախման ու վերացման պլան, որոնք սպանում են մուսուլմաններին, քրիստոնյաներին, բոլոր կրոնների ու դավանանքների տղամարդկանց, կանանց ու երեխաներին»,– նշել է նա:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում ամենուրեք: Այսօր Ամերիկան սկսել է ընկերություն անել նախկին թշնամիների հետ: Մեր մերձավոր դաշնակիցներից մի քանիսը տասնամյակներ առաջ համաշխարհային պատերազմներում կռվում Էին հակառակորդների շարքում: Այդ պատմական դասը պետք է մեզ հավատ ներշնչի աշխարհը բարելավելու հնարավորության հարցում»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:
Նա ընդգծել է, որ «Ամերիկան տրամադրված է գտնել նոր ընկերներ եւ նոր գործընկերային հարաբերություններ հաստատել այն բնագավառներում, որտեղ շահերը համընկնում են»: «Մենք ներդաշնակություն ու կայունություն ենք ցանկանում, այլ ոչ թե պատերազմներ ու հակամարտություններ»,- հավելել է Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում