Սիրիայի հակամարտությունն ամենախոշոր հումանիտար աղետն է Երկրորդ աշխարհամարտից հետո. Տուրբյոռն Յագլանդ

Եվրախորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը հայտարարել է, որ սիրիական զինված հակամարտությունն իր բացասական հետեւանքներով ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ամբողջ ժամանաշրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի նախարարական նիստում: 

«Դեռ ոչ մի տեղ հետեւանքներն այդքան աղետալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը մարդու իրավունքների բնագավառում ծանրագույն աղետի է վերաճել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջանում»,- ասել է Յագլանդը:

«Ինչպես սիրիական, այնպես էլ մի շարք այլ ճգնաժամեր հանգեցնում են այն բանին, որ մենք հարկադրված ենք ապրելու մարդկանց զանգվածային հարկադիր տեղահանման դարում»,- նշել է Յագլանդը: «Վերջին երկու տարում Եվրամիություն են ժամանել մեկուկես միլիոն փախստականներ եւ այլ միգրանտներ»,– հայտնել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում