Արմեն Մարտիրոսյանը հնարավոր է ընտրվի «Ժառանգության» նախագահ

«Միակ կուսակցականը «Ժառանգություն»-ում, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, ով եղել է և՛ կուսակցության վարչության նախագահ, և՛ խորհրդարանական խմբակցության ղեկավար եղել եմ ես: Սակայն մենք դեռ համագումար չենք արել և այս պահին նմանատիպ հարց դրված չի օրակարգում: Բայց նաև, այնպես չի, որ ես կուսակցության վարչության նախագահ չեմ եղել»,-Times.am-ի հետ զրույցում, այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով իր՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ դառնալու մասին շրջանառվող լուրերին:

Անկախ այն հանգամաքնից, թե «Ժառանգություն»-ը ընտրություններից հետո ինչ կարգավիճակում կլինի, ըստ պարոն Մարտիրոսյանի կուսակցությունը ինչ սկզբունքների շուրջ ձևավորվել է, ինչ աշխատաոճ այս տարիներին ունեցել է, այդ ամենը պահպանվելու է:

«Ինձ համար կասկածի թեմա չէ. մեր դաշինքը հաջողություն ունենալու է, թե ի՞նչ տոկոսներով, բնականաբար չեմ կարող ասել, քարոզարշավը շատ բան ցույց կտա»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը ՝ հավելելով, որ մինչև քվեարկությունը ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ, այն էլ Հայաստանում, դրա համար այս դեպքում գուշակությամբ պետք չէ զբաղվել:

Իսկ ինչ վերաբերվում է ընտրությունների միջոցով ժառանգության իշխանության գալուն, Մարտիրոսյանը նշեց, որ այդ դեպքում այն ծրագրերը, որոնք դրված են դաշինքի հիմքում կյանքի են կոչելու.

«Հակառակ դեպքում, մեր ընդդիմադիր գործունեությունը շարունակելու ենք, որևէ փոփոխության չի ենթարկվելու ո՛չ քաղաքացու շահերի սպասարկման առումով, և ո՛չ էլ մեր պատկերացումների: Կուսակցությունը եղել է ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանը և այդպես էլ մնալու է: Որևէ փոփոխություն այդ գծից չի լինելու: Դա միանշանակ»,- հավելեց «Ժառանգության» փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանը հստակ բացառեց ՀՀԿ-ի հետ իրենց որևէ ձևով դաշինքային հարաբերությունը կոալիցիոն կառավարությունում և վերջում լիահույս ավելացրեց.

«Ես հույս ունեմ, որ ընդդիմությունը մեծամասնություն կկազմի խորհրդարանում և մենք կունենանք նոր կոալիցիոն կառավարություն՝ առանց հանրապետականի: Այլ ճանապարհ չկա ուղղակի»:

Զրուցեց՝ Աննա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում