ԻՊ-ի պարագլուխն ուղերձ է հղել իր կողմնակիցներին. Alsumaria

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին իր ուղերձում խոստովանել է ԻՊ-ի պարտությունը վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններում եւ կողմնակիցներին կոչ է արել թաքնվել լեռնային շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նայնավայի նահանգի մի աղբյուրի:

«Ալ Բաղդադին իր խոսքը համարել է հրաժեշտի ուղերձ, այն տարածել է ԻՊ-ի քարոզիչների շրջանում եւ բացատրել, թե ինչ Է տեղի ունենում խմբավորման հետ: Քարոզիչներն սկսել են խոսել պարտությունների մասին, որոնք խմբավորումը կրում է Նայնավայի նահանգում եւ Իրաքի մյուս մասերում»,-հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ իրաքյան Մոսուլի արեւմտյան մասում ԻՊ-ի պարագլուխները փախչում են քաղաքից:

Իրաքցի զինվորականների եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվել է 2016 թվականի հոկտեմբերին. ավելի վաղ ազատագրվել է քաղաքի արեւելյան մասը: Փետրվարի կեսերին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է արեւմտյան մասի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Փետրվարի 24-ին Իրաքի կառավարական ուժերը Մոսուլից հարավ-արեւմուտք գրավել են ռազմաբազա եւ մի գյուղ ու մտել քաղաքի արեւմտյան բնակելի թաղամասեր, ինչպես նաեւ ամբողջովին հսկողության տակ են առել օդանավակայանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում