Իրանը սեփական արտադրության ՀՕՊ-ի համալիրի փորձարկումներ է իրականացրել. Tasnim

Իրանը հակաօդային պաշտպանության սեփական արտադրության «Բավար-373» համալիրի փորձարկումներ է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Tasnim գործակալությունը: 

«Բալիստիկ հրթիռների դեմ դրա կիրառման համակարգի թեստավորումը կատարվում է հաստատված ծրագրի համաձայն: Փորձարկումները կշարունակվեն մինչեւ համալիրը զինված ուժերին հանձնելը»,- գործակալությանը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:

«Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն, ինչպես պնդում են իրանական աղբյուրները, ռուսական Ս-300-ի նմանակն է, առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է անցյալ տարվա օգոստոսի 21-ին իրանական պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում: Ինչպես այն ժամանակ հայտնել է ԻԻՀ-ի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, ազգային մշակման հակաօդային պաշտպանության համակարգը պլանավորվում է սպառազինության ընդունել եւ օպերատիվ հերթապահության դնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը (իրանական տարին կավարտվի մարտի 20-ին), հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում