Բակո Սահակյանը կարևորում է ՌԴ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության ողջ ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է բանակցային գործընթացին, և, ինչպես մյուս համանախագահները, կառուցողական դիրքորոշում ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ gazeta.ru-ին տված հարցազրույցում հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ռուսաստանը շատ կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Այդ թվում և հենց նրա ջանքերի շնորհիվ ու անմիջական մասնակցությամբ 1994թ. հաստատվեց խաղաղություն ու Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը»,- նշել է Արցախի նախագահը:

Սահակյանը շեշտել է նաև, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նախ և առաջ վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ: «Ինչպես արդեն նշել եմ, Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյաց և ագրեսիվ գործողություններից, որոնք խաթարում են բանակցային գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշել է Արցախի Հանրապետության ղեկավարը:

Սահակյանն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների ձեռքբերմանը: «Նման զենքերի առկայությունը կայունացնող դեր է խաղում մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման հարցում: Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք սրտի, դարձել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ամենագործուն մեխանիզմը»,– շեշտել է Արցախի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում