Արցախի տնտեսության բոլոր ճյուղերը դինամիկ զարգանում են. Բակո Սահակյան

Անցած տաս տարիների ընթացքում Արցախում ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 7-9 տոկոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով իր նախագահության տասնամյակին:

«Իրականացվել են մի շարք ռազմավարական ծրագրեր մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Եթե ոչ վաղ անցյալում մենք ստիպված էինք էլեկտրաէներգիա ներմուծել, ներկայումս մենք ոչ միայն բավարարում ենք մեր պահանջմունքները, այլև արտահանում ենք և՛ էլեկտրաէներգիա, և՛ հացահատիկային կուլտուրաներ»,– նշել է Արցախի նախագահը: Նրա գնահատմամբ` Արցախում դինամիկ կերպով զարգանում են տնտեսության բոլոր ճյուղերը:

Անդրադառնալով իր նախագահության ընթացքում ունեցած հիասթափություններին` Սահակյանը նախընտրում է օգտագործել «ցավ» բառը: «Դա անդառնալի կորուստների ցավն է: Այս տարիների ընթացքում, հատկապես 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ուխտադրուժ գործողությունների հետևանքով մահացել են ինչպես մեր տասնյակ զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Նույնը զգում է Արցախի ցանկացած քաղաքացի, և ես` որպես այդ երկրի ղեկավար կրկնակի զգում եմ այդ ցավը: Ընկածների լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում և մեր ժողովրդի պատմության մեջ»,- ամփոփել է Բակո Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում