Կասպշիկն անդրադարձել է չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերմանը

Շփման գծի չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

«Կողմերի խնդրանքով փետրվարի 27-ին` երկուշաբթի, խիտ ականապատ չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման հումանիտար գործողություն է իրականացվել` իմ անձնակազմի ամբողջական մոբիլիզացմամբ: Մեր ներկայության նպատակն էր վստահանալ կողմերի կողմից հրադադարի խստագույն պահպանումն անվտանգության երաշխիքների միջոցով, ինչպես նաև երաշխավորել, որպեսզի գործողությունն իրականացվի այնպես, ինչպես նախօրոք պայմանավորվել էին կողմերը: Կցանկանայի ընդգծել, որ իմ գրասենյակը շարունակական աջակցություն է ստացել տեղական հրամա նատարների, ինչպես նաև ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների կողմից: Նրանց աջակցությամբ, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության ներկայությամբ, գործողությունը հաջողությամբ իրականացվել է ցերեկը»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում