«Հրապարակ». Առողջապահության փոխնախարարը փորձել է նախարարության շենք մտցնել իր թութակին

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գործելաոճը, նրա բերած կադրերը նախարարությունում մինչ այսօր քննարկման առարկա են։ Նախ քննարկվում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից ԱՆ տեղափոխված փոխնախարար Սամվել Մարգարյանի հարցը, ով աշխատանքի է գալիս հեծանիվով և փորձում էր նախարարություն մտցնել իր թութակին, սակայն անցագրային կետում հսկող ոստիկանները դա թույլ չեն տվել՝ նշելով, որ օրենքով կենդանիների մուտքը պետական մարմիններ արգելվում է։

Նախարարությունում քննարկում են նաև Ալթունյանի մի երիտասարդ օգնականի հարցը՝ Գարուշ Հովհաննիսյան, ով, ասում են, համարյա իրեն փոխնախարար է զգում։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարը որոշել է հետագայում նրան ավելի հարմար տեղ տեղավորել, չնայած նա պետական աշխատողի, քաղծառայողի ստաժ բոլորովին չունի։ Իսկ առայժմ նախարարի հանձնարարություններ է կատարում և ներկայանում որպես «նախարարի ներկայացուցիչ»։

Նախկինում աշխատել է «Անելիք» բանկում, որտեղից, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, «այնքան էլ լավ չի հեռացել»։

ԱՆ-ից տեղեկացանք, որ Գարուշ Հովհաննիսյանը մասնագիտությամբ կառավարման մագիստրոս է, աշխատանքի է ընդունվել փետրվարի 9-ից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում