«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կոչ է արել անբիծ ընտրություններ անցկացնել

Շաբաթ օրը Հանրապետական կուսակցությունում ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավական խիստ ելույթ է ունեցել: 

«Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումից. Նա հատկապես գործարար ՀՀԿ-ականներին կարգադրել է վերջ տալ աշխատակիցների գրանցման վայրը ժամանակավորապես փոխելու գործընթացին: Ս. Սարգսյանն ասել է, թե ամոթ է, երբ 5-6 հարյուր ձայնի համար նման կռիվ են անում՝ միաժամանակ ստվերելով ընտրությունների գործընթացը:

«Էդ ձայները պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք, որ հիմա իրար կողքի նստած եք, ոչ թե գրանցումներ անեք: Մենք պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Թերթի տեղեկություններով՝ արդեն իսկ ուժային կառույցներին հրահանգվել է՝ բացի հանձնաժողովի անդամներից ու վստահված անձանցից, որևէ մեկի հասցեն չփոխել ու հնարավորություն չտալ գրանցման հասցեից դուրս քվեարկության մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում