ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանության մասին

 Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Ուիլսոնը բարձրացրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված մշակութային ցեղասպանություն հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ Ուիլսոնը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին կոտորելուց բացի փորձ է արվել նաև ոչնչացնել հայկական մշակույթը: «Դա կանխամտածված փորձ էր ջնջելու ոչ միայն հայերին, այլ նաև նրանց մասին հիշողությունը` ոչնչացնելով հայկական ժառանգությունն ու մշակույթը, ինչպես, օրինակ, արվեստի գործերն ու ճարտարապետական հուշարձանները: Կարճ ասած` դա ոչ միայն մարդկային ցեղասպանություն էր, այլ նաև մշակութային»,- նշել է Ուլիսոնը:

Նա ընդգծել է, որ հայկական մշակույթի վերացման մասին վկայությունները զետեղված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում: «Օսմանյան կայսրության նպատակն էր ջնջել հայ ժողովրդի կյանքն ու հիշողությունները»,– ընդգծել է Ներկայացուցիչների պալատի անդամը` նշելով, որ բոլորը պետք է հանձնառու լինեն այն գործին, որ կատարվածն այլևս երբեք չկրկնվի: Նա շեշտել է նաև, որ մեկ քառորդով հայ լինելու փաստը ևս իր դերակատարումն ունի խնդրի նկատմամբ մշտական հետաքրքրություն պահպանելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում