Խորհրդարանական ընտրություններ 2017. Ի՞նչ սպասել Գեղարքունիքում

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները իրենց բնույթով նորություն են նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Նախկինում, եթե բացի համամասնական ընտրակարգից գործում էր նաև մեծամասնականը, որտեղ հիմնականում կային դոմինանտ թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական ընտրատարածքը և այն վերածելով յուրովի բդեշխության, տեսականորեն գրեթե իսպառ վերացրել էր մրցակցությունը, ապա այժմ այս ռեյտինգային համակարգը, որքան էլ առաջին հայացքից բարդ ու խճճված թվա, այնուամենայնիվ տեղավորվում է որոշակի քաղաքական տրամաբանության մեջ:

Իհարկե սա ընտրական լավագույն մեխանիզմը չէ, բայց ամեն դեպքում զուտ քաղաքական տեսանկյունից և հատկապես որպես անցումային տարբերակ ապագայում ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու, այս տարբերակը զրկում է այլոց ընտրատարածքը «սեփականաշնորհելուց» և քաղաքական ուժերին տալիս է գործելու հնարավորություն: Հավանաբար այս է պատճառը, որ յուրաքանչյուր տարածքում, քաղաքական ուժերը առաջադրել են մի շարք թեկնածուներ, քանի որ յուրաքանչյուր թեկնածուի քվեն, մեխանիկորեն փոխանցվելու է այդ անձի ներկայացրած քաղաքական ուժին:

Իհարկե կարող են ոմանք բերել փաստարկներ, որ դա մասամբ մարդու իրավունքների ոտնահարում է, այն առումով, որ հնարավոր է լինի ընտրող, ով կցանկանա իր ձայնը տալ կոնկրետ որևէ անձի, չընդունելով նրա ներկայացրած քաղաքական թիմը: Բայց քաղաքական առումով դա ընդունելի մոտեցում չէ, քանի որ ցանկացած անձ պետք է ունենա շատ հստակ քաղաքական հասցե և յուրաքանչյուր ընտրող պետք է հստակ պատկերացում կազմի, թե իր նախընտրած անձին ձայն տալուց, ինչպիսի քաղաքական հեռանկար է իրեն սպասվելու առաջիկա 5 տարիների ընթացքում:

Վաղուց ժամանակն է, որ աստիճանաբար ավարտին մոտենա քաղաքական «միայնակ գայլերի» գործունեությունը և յուրաքանչյուր գործիչ ոչ միայն պատասխանատու լինի իր ներկայացրած ուժի գործունեությանը, այլև այդ ուժն էլ իր հերթին պատասխանատվություն կրի իր առաջադրած թեկնածուի քայլերի համար: Այլ խոսքով քաղաքականությունը պետք է հանրությանը ներկայանա թիմի, այլ ոչ թե «ֆեոդալների» տեսքով:

Սովորաբար հանրության ուշադրությանը հիմնականում ներկայացվում է քաղաքական ուժերի համամասնական ցուցակը, հատկապես կարևորություն է տրվում առաջին տասնյակներին, այդպիսով կարծես հանրային հնչեղության առումով, ինչ որ չափով ստվերվում է տեղերում ռեյտինգային թեկնածուների ցանկը, որի հետ սակայն ընտրողը առաջինն է «բախվելու» տեղամասում:

Մենք թերևս փորձ կանենք անդրադառնալ յուրաքանչյուր ընտրատարածքի և որպես սկիզբ կսկսենք Գեղարքունիքի մարզից, որը ներառվել է թիվ 8 ընտրատարածքում:

Այստեղ ներառված են բոլոր առաջադրված քաղաքական ուժերը ներկայացնող 93 թեկնածու:

Առաջին հայացքից այսքան բազմամարդությունը ենթադրում է ծայր աստիճան լարված ընտրական մթնոլորտ, սակայն ուշադրությամբ ուսումնասիրելով թեկնածուներին, պարզ է դառնում, որ հիմնական պայքարը տեղի է ունենալու մոտ 6-7 թեկնածուների միջև, ովքեր ներկայացնում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:

Որքան էլ խորին հարգանքով մոտենանք այլ քաղաքական ուժերին և նրանց ներկայացրած անձանց, այնուամեմայնիվ հարկ է փաստել, որ հիմնական մրցակցությունը տեղի է ունենալու այս 3 ուժերի մեջ:

Մրցակցության գործիքաշարը նույնպես տարբեր է լինելու ու հավանաբար իրար են խաչվելու ֆինանսական, վարչական ռեսուրսներն ու գաղափարական, ծրագրային մոտեցումները:

ՀՀԿ-ի առաջադրված թեկնածուներից առավել ճանաչվածներն են, ԱԺ պատգամավորներ Կարեն Բոթոյանը և Հակոբ Հակոբյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարքունիքի մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյանը:


Կարեն Բոթոյան

Վերը նշված թեկնածուներից բոլորի պարագայում էլ միանշանակ է, որ գործի են դրվելու հնարավոր բոլոր ֆինանսական ու վարչական ռեսուրսները ձայներ բերելու համար: Այստեղ բացի այն հանգամանքից, որ բերված բոլոր ձայներն էլ գրանցվելու են իշխող ուժի օգտին, կա նաև ներքին մրցակցության խնդիր, թե ով է իրականում առավել ազդեցիկ տվյալ մարզում և հարկ եղած դեպքում կուսակցությունը ում վրա կարող է հիմնական շեշտադրումն անել ապագայում: Ծանոթ լինելով նշված թեկնածուներից 1-2-ի ինտելեկտուալ պաշարին, կարելի է ենթադրել, որ նրանց դեպքում քաղաքական, գաղափարական և ծրագրային եզրույթներն օգտագործելիս, հարկ է այդ բառերը գրել չակերտների մեջ:

ԲՀԿ-ի թեկնածուներից առավել հայտնի անձը, ով նախկինում եղել է պատգամավոր, Վարդան Բոստանջյանն է: Բնականաբար Վարդան Բոստանջյանը մտավորական մարդ է և հանրապետության լավագուն տնտեսագետներից մեկը: Սակայն հաշվի առնելով այն ուժը, որը ներկայացնում է նա, կրկին պետք է փաստենք, որ նրա պարագայում ևս էական դեր է խաղալու Գագիկ Ծառուկյանի ֆինանսական հզորությունը:


Իշխան Սաղաթելյան

ՀՅԴի առավել հայտնի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է: Ուսումնասիրելով Իշխան Սաղաթելյանի կենսագրությունը, ենթադրում են, որ նրա շեշտադրումները հիմնականում լինելու են գաղափարական և ծրագրային մոտեցումները: Լինելով ՀՅԴ բազմամյա անդամ ու զբաղեցնելով կուսակցական տարբեր պատասխանատու պաշտոններ, նա անցել է այն ողջ քաղաքական ուղին, ով մարդուն օժտում է իրական քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությամբ: Իսկ քաղաքական մարդը, ով կրում է տարիներով մշակված գաղափարներ, ունակ է իրական մրցակցություն ապահովելու ֆինանսական ու վարչական ռեսուրսներին:

Ինչ վերաբերում է մնացյալ թեկնածուներին, որոնց չանդրադարձանք, ապա որքան էլ նրանք հանդիսանան արժանի ու մտավորական մարդիկ, ապա հարկ է մեջբերել գրեթե «դասական» դարձած Գալուստ Սահակյանին, ով մի անգամ, մի առիթով ասել էր. «Եթե չունես փող, չունես քաղաքական կապիտալ, այլ ունես միայն գաղափարներ, ապա քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն, գիրք գրի»:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում