Թուրքիան սպառնացել է հարվածել Սիրիայի քրդերին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մև«լութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսային էլ-Բաբ քաղաքում գործողությունների ավարտից հետո դեպի Մանբիջ խորանալու պատրաստակամության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել այդտեղ գտնվող Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) անդամներին հեռանալ այդ վայրից` հակառակ դեպքում սպառնալով նրանց վրա կրակ բացել: «Էլ-Բաբից հետո առաջանալու ենք դեպի Մանբիջ: Գործողությունը դեռ չի սկսվել: Տեղյակ ենք, որ Միացյալ Նահանգների զինվորներն այդ տարածքում են: Ցանկանում ենք, որ YPG-ականները քաշվեն Մանբիջից: Արդեն ասել ենք, որ եթե չքաշվեն, խփելու ենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում են «Եփրատի վահան» անվանումը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև սիրիացի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում