Շարժական կինոթատրոնները կմեծացնեն կինոյի նկատմամբ հետաքրքրությունը մարզերում

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: Մարտի 2-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում, նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունը շարժական կինոթատրոնների վերաբերյալ հուշագիր ստորագրեցին:

««Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում շատ կարևոր են կինոցուցադրումները: Երբ Չինաստանի դեսպան Թյան Էրլունի հետ խոսեցի այդ մասին, նա մեծ սիրով որոշեց աջակցել մեզ և տրամադրել 4 շարժական կինոթատրոն, որոնցից յուրաքանչյուրն արժե 12 000 դոլար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Տարվա ընթացքում ՀՀ տարբեր մարզերում 200 կինոցուցադրում կիրականացնենք: Նախարարի խոսքով` շարժական կինոթատրոնը կտեղադրվի բացօթյա տարածքներում, և այն որակյալ կինոդիտում կապահովի հազար մարդու համար:

Մարզերում, սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների համար կցուցադրվեն ինչպես հայկական ֆիլմեր, այնպես էլ չինական և այլ երկրների կինոնկարներ, մանկական կինոժապավեններ:

Ըստ Արմեն Ամիրյանի` կինոն մարդուն երազելու հնարավորություն է տալիս: «Շատ ուրախ եմ միանալ այս հիանալի նախաձեռնությանը: Հայաստանը և Չինաստանը դարերի մշակութային ավանդույթներ ունեն, այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում մշակույթի զարգացումը և լավ է, որ մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնվում է հենց այս բնագավառում»,-ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թյան Էրլունը և ընդգծեց, որ այս տարի լրանում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:

Շարժական կինոթատրոնները դեռ ճանապարհին են և Հայաստան կհասնեն ապրիլին, իսկ մայիսին կլինեն առաջին ցուցադրությունները: Դրանք կօգտագործվեն նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում:

Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում և Արցախում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում