«Հրապարակ». «Ֆիլիպ Մորիս»-ի iQOS սարքը սպառողին մոլորեցնելու մարքեթինգային քայլ է

«Հրապարակ» օրաթերթն անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից երեկ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի» «Դյութի Ֆրի»-ի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելու փաստին՝ գրել է, որ համաշխարհային շուկայում դիրքերը չզիջելու համար սպառողին մոլորեցնելու պատճառով «Ֆիլիպ Մորիս»-ին Ռուսաստանի Դաշնությունից վտարում են, իսկ Հայաստանում կառավարության ղեկավարի մակարդակով ընդունելության են արժանացնում:

Թերթը գրել է. ««Ֆիլիպ Մորիս» ընկերությունը դեռևս 2014 թվականին շուկա էր մտցրել iQOS անվամբ սարքը, որը ներկայացվում էր որպես «այլընտրանքային ծխախոտ»: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ սարքը լիցքավորվում է խտացված թութունի հաբերով, իսկ թութունը սարքի ներսում ոչ թե այրվում, այլ պարզապես տաքանում է մինչև 350 աստիճան: Ըստ արտադրողների՝ դրա շնորհիվ «այն ավելի անվտանգ է, քան սովորական ծխախոտը»:

…«Ֆիլիպ Մորիս»-ի iQOS սարքի պարագայում, ամենայն հավանականությամբ, գործ ունենք սպառողին մոլորեցնելու մարքեթինգային քայլի հետ, որի միակ նպատակը համաշխարհային շուկայում դիրքերը չզիջելն է: Հասկանալի է, որ այս խնդիրը լուծել հնարավոր էր, եթե ընկերությանը հաջողվեր հաստատվել աշխարհի խոշորագույն ծխախոտի շուկաներից մեկում՝ Ռուսաստանում: Համապատասխան հայտն ընկերությունը ՌԴ կառավարություն ներկայացրել էր 2014 թվականին, իսկ, ահա, 2016 թվականին Մոսկվայում մերժել են «Ֆիլիպ Մորիսի»՝ երկրի տարածքում Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոն հիմնելու հայտը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցը բավականին երկար ու հանգամանալից է քննարկվել, և արդյունքում բացահայտվել է, որ «Ֆիլիպ Մորիսի» գովազդած դրական արդյունքները ոչ մի փաստական հիմք չունեն, բացի հենց ընկերության կողմից ներկայացվող տվյալները, իսկ, ահա, բացասական ազդեցությունն ակնհայտ է: Ինչպես նշել է ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Օլեգ Սալագայը, «նիկոտինի փոխանցման էլեկտրոնային սարքեր օգտագործողների շրջանում բավականին բարձր է այն անձանց տեսակարար կշիռը, ովքեր նախկինում ծխախոտ չեն օգտագործել»: Ասել է թե՝ վնասակարությունը նվազեցնելու անվան տակ, գովազդային արշավով, ծխախոտ արտադրող ընկերությունն իրականում ընդլայնում է իրացման շուկան՝ ծխախոտի գլանակներ չօգտագործողների հաշվին:

Հենց այս պատճառով էլ «Ֆիլիպ Մորիս»-ին Ռուսաստանում մերժել են: Փաստացի՝ վտարել են երկրից: Ըստ որում՝ որոշումը կայացվել է 2016-ի վերջին: Եվ ընդամենը մի քանի ամիս անց ընկերության ներկայացուցիչը հայտնվում է Հայաստանում, տեղեկացնում, որ այստեղ Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ է կառուցելու: Ենթադրվում է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունից որևէ մեկը չի արձագանքի այս կենտրոնների կառուցմանը, եթե, իհարկե, Ռուսաստանից չհնչի համապատասխան զանգ»:

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում