«Առավոտ». Նաիրիտցիները նորից ոտքի են ելել

«Առավոտ»-ը գրում է. «Բազմաթիվ նամակներ ենք գրել կառավարություն, հանդիպում ենք խնդրում վարչապետի հետ, հաշվի չեն առնում: Հատկապես նոր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, ընդհանրապես մեզ բանի տեղ չի դնում»,- ասում են նաիրիտցիները: Նրանք երեկ կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում: Հետո երթով շարժվեցին դեպի Շենգավիթ վարչական շրջանի դատարան՝ հայցով դիմել են և պահանջում են մասնակի չեղյալ համարել աշխատավարձերի վճարման պայմանագիրը, որը նրանք ճարահատյալ են ստորագրել, որով, ըստ էության, հրաժարվել են ուշացած աշխատավարձերի տույժերի վճարումներից: 

Նաիրիտցիները հիմա պահանջում են վճարել այդ տույժի գումարները; Երեկ առաջին դատական նիստն էր, դատավորը հետաքրքրվել է՝ ինչու այն ժամանակ չեն դիմել դատարան, երբ հասկացել էին, որ իրենց իրավունքները խախտվել են: Դե նաիրիտցիներն էլ ոնց կարողացել՝ հասկացրել են դատավորին, որ դատարան էլ են դիմել, ցույցեր էլ են արել, բայց երբ մարդիկ տարիներով աշխատավարձ չէին ստանում, երեխաներն էլ սոված էին, ու իրենց ասելով՝ «շանտաժ էին» անում՝ կամ ստորագրում եք, կամ էլ չեք ստանում աշխատավարձը, ստիպված ստորագրել են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում