ՌԴ զինուժերի գլխավոր շտաբը եւ ՆԱՏՕ-ն առաջին բանակցություններն են անցկացրել երեք տարվա ընթացքում

ՌԴ զինուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելը մարտի 3-ին դաշինքի նախաձեռնությամբ առաջին բանակցություններն են անցկացրել երեք տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ միակողմանի կարգով հարաբերությունները սառեցնելու որոշում է ընդունել 2014 թվականի ապրիլին:

«2017 թվականի մարտի 3-ին ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար բանակի գեներալ Վալերի Գերասիմովի եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Պյոտր Պավելի հեռախոսազրույցը: Սա ռազմական գծով բարձր մակարդակի առաջին շփումն է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելու որոշումից հետո»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության խնդիրներ, ռազմական գծով փոխգործակցության վերականգնման հեռանկարները, միջադեպերի կանխումը եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կողմից անցկացվող միջազգային միջոցառումներին դաշինքի ներկայացուցիչների մասնակցությունը:

«ՌԴ զինուժերի գլխավոր շտաբի պետը զրուցակցի ուշադրությունը դարձրել է առկա այն մտահոգությունների վրա, որոնք կապված են Ռուսաստանի սահմանների մերձակայքում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ակտիվության էական ուժեղացման հետ»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Գերասիմովը նաեւ զրուցակցին տեղեկացրել է միջազգային այն հանգուցային միջոցառումների ու վարժանքների մասին, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը պլանավորում է անցկացնել 2017 թվականին:

«Կողմերը հավաստել են Եվրոպայում լարվածության թուլացմանն ու իրադրության կայունացմանն ուղղված փոխադարձ քայլերի անհրաժեշտությունը: Բանակի գեներալ Գերասիմովը եւ գեներալ Պավելը պայմանավորվել են շարունակել այսօրինակ շփումները»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում