Թուրքիայի արտգործնախարարը սպառնալիքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Գերմանիայի իշխանությունների որոշումը` արգելելու Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին ելույթ ունենալ գերմանական Գագգենաու քաղաքում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հակադարձելու է նման որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվականը:

«Եթե ցանկանում եք աշխատել մեզ հետ, պետք է իմանաք ինչպես վարվել մեզ հետ: Նման կերպ գործեր չեն արվում, այսպես չի շարունակվի: Մենք կտանք դրա պատասխանը: Առանց քաշվելու ցանկացած տեսակի պատասխան կտանք, իսկ մնացածի մասին արդեն դուք մտածեք»,– հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե գերմանական իշխանությունները նախկինում նմանօրինակ որոշումներ էլի են կայացրել: «Դուք պետք է մեզ վերաբերվեք իբրև հավասարի: Դուք Թուրքիայի ղեկավարը չեք: Ոչ էլ առաջին կարգի եք, իսկ Թուրքիան` երկրորդ: Մենք ձեզ այդպես չենք վերաբերում, դուք էլ Թուրքիային ստիպված եք վերաբերվել որպես հավասարի»,- նշել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:

Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում