Փարիզում մեծ ցույց է պատրաստվում հաջակցություն Ֆիյոնի

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ»-ից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցները նրա շուրջ ծավալված սկանդալի ֆոնին աջակցության ընդգրկուն ցույց են պատրաստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ակցիան առաջիկա կիրակի օրը՝ մարտի 5-ին, տեղի կունենա Փարիզի կենտրոնի Տրոկադերո հրապարակում, Էյֆելյան աշտարակի մոտ:

«Մենք ակնկալում ենք, որ ֆրանսիացիները կարձագանքեն մեր կոչին եւ հանգստյան օրերին Փարիզ կժամանեն Ֆրանսիայի բոլոր անկյուններից, որպեսզի աջակցեն այն թեկնածուին, որն ազնվորեն համոզիչ հաղթանակ Է տարել փրայմերիզներում»,-մարտի 3-ին հայտարարել են Ֆիյոնի նախընտրական շտաբում: Քաղաքական գործչի շրջապատում ընդգծում են, որ դա հատկապես կարեւոր է այժմ՝ այն պայմաններում, երբ բազմաթիվ հանրապետական պատգամավորներ երես են թեքում նրանից:

Նախօրյակին հայտնի է դարձել, որ ֆրանսիացի աջերից մի խումբ պատգամավորներ պաշտոնապես դուրս են եկել Ֆիյոնի նախընտրական շտաբի կազմից: Խոսքը վերաբերում է այն քաղաքական գործիչներին, որոնք մոտ են կանգնած Ալեն Ժյուպեին, որը Ֆիյոնի մրցակիցն էր փրայմերիզներում, բայց տանուլ տվեց՝ հավաքելով ձայների միայն 33,5 տոկոսը: Սակայն ստեղծված հանգամանքներում Բորդոյի քաղաքագլխի շրջապատը լրջորեն դիտարկում է Ժյուպեի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:

«Ալեն Ժյուպեն մտադիր չէ մի կողմ մնալ, եթե Ֆիյոնը հանի իր թեկնածությունը»,- «Ֆրանսպրես» գործակալությունը մեջբերել է քաղաքապետի շրջապատի ներկայացուցիչների խոսքը:

Ֆրանսիացի դիտորդները, միմյանց հերթ չտալով, քննարկում են Ֆիյոնի շրջապատում սկսված պառակտումը: Մարտի 3-ին ավելի վաղ քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչ Թիերի Սոլերը, որը նաեւ «Հանրապետականների» փրայմերիզների կազմակերպիչներից մեկն էր, հայտնել է, որ թողնում է իր պաշտոնը: Առայժմ հայտնի չէ, թե ում Է մտադիր հարել Սոլերը եւ աջակցություն կցուցաբերի նա արդյոք Ժյուպեին:

Բայց այս ամենը Ֆիյոնին չի խանգարում շարունակել իր նախընտրական արշավը: Նախօրյակին նա հանրահավաք է անցկացրել Ֆրանսիայի հարավի Նիմ քաղաքում, որտեղ ելույթի ընթացքում քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ իրեն բնավ չեն անհանգստացնում «առանձին պատգամավորների դասալքության» դեպքերը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում