Հռոմի պապը Հռոմի գագաթնաժողովի նախօրյակին կընդունի ԵՄ-ի երկրների ղեկավարներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 24-ին՝ Հռոմում ԵՄ-ի հոբելյանական գագաթնաժողովի նախօրյակին, հանդիպում կունենա Եվրամիության երկրների ղեկավարների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

«Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին) Ֆրանցիսկոս պապը Առաքյալների պալատի Կայսերական սրահում կընդունի Եվրամիության պետությունների առաջնորդներին եւ կառավարությունների ղեկավարներին, որոնք Հռոմ կժամանեն Հռոմի պայմանագրերի կնքման 60-ամյակի տոնակատարության համար»,-ասված է Վատիկանի հաղորդագրության մեջ:

Մարտի 25-ին Իտալիայի մայրաքաղաքում տեղի կունենա գագաթնաժողով՝ նվիրված 1957 թվականին այն համաձայնագրերի կնքմանը, որոնք հիմք դրեցին Եվրամիութան ստեղծմանը: Ինչպես նշում են մի շարք ԶԼՄ-ներ, հանդիպմանը կքննարկվի 27 անդամ պետություններից բաղկացած ԵՄ-ի հետագա ճակատագիրը՝ հաշվի առնելով առաջիկայում նրա կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի խոսքով՝ ներկայիս գագաթնաժողովը պետք է որոշի Եվրոպայի հեռանկարներն առաջիկա տասը տարվա համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում