ԵՄ-ի խորհուրդը մեկ տարով երկարացրել է Յանուկովիչի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարացրել է ԵՄ-ի հասցեական սահմանափակիչ միջոցների գործողությունն Ուկրաինայի մի քանի քաղաքացիների նկատմամբ, որոնց պատասխանատու են համարում պետական միջոցները վատնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«2017 թվականի մարտի 3-ին Խորհուրդը մինչեւ 2018 թվականի մարտի 6-ը երկարացրել է այն 15 անձանց հաշիվների սառեցման որոշումը, որոնք մեղավոր են ճանաչվում Ուկրաինայի պետական միջոցների ապօրինի յուրացման կամ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որոնք վնաս են հասցրել Ուկրաինայի պետական հիմնադրամներին»,- ասված է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Խոսքը վերաբերում է այն հասցեական ատժամիջոցներին, որոնք արգելում են մուտքը ԵՄ-ի պետություններ եւ Եվրոպայի բանկերում սառեցնում են սեւ ցուցակի անձանց ունեգումարները:

Պատժամիջոցների ցուցակի մեջ են մտնում, մասնավորապես, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ:

Վ. Յանուկովիչի եւ նրա զինակիցների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի մարտին, այնուհետեւ երկու անգամ երկարացվել են՝ 2015 թվականի մարտին եւ 2016 թվականի մարտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում