Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել

Թուրքիայում կալանավորվել է Եկատերինա Բ. անունով մի ռուս կին, ում հետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը սպանությունից առաջ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անկարայի դատարանում հարցաքննելուց հետո Եկատերինան կալանավորվել է: Նշվում է, որ կինը Անկարայում զբաղվել է կավատությամբ:

Հայտնի է դարձել, որ Եկատերինան ու Ալթընթաշը, բացի հեռախոսազրույցներից, WhatsApp-ի հավելվածի միջոցով նամակագրություն են ունեցել:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում