ԿԺԴՀ-ն չորս բալիստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն մարտի 6-ին հրթիռային արձակում է իրականացրել, որը երկրորդն է դարձել անցած մեկ ամսում եւ լուրջ անհանգստություն առաջացրել Ճապոնիայում եւ Հարավային Կրոեայում: Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն վճռականորեն դատապարտել է Փենյանի հրթիռային արձակումը, ընդգծելով, որ վերջին իրադարձությունները պարզորոշ հասկանալ են տվել ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքի մակարդակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

ԿԺԴՀ-ն միաժամանակ չորս բալիստիկ հրթիռ է արձակել երկրի արեւմտյան ափի Տոնչան-նիի զինափորձարանից: Դրանցից երեքը անցել են մոտավորապես 1000 կմ եւ ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Ճապոնական ծովում՝ ճապոնական Ակիտայի պրեֆեկտուրայի Օգա թերակղզուց մոտավորապես 300-350 կմ հեռավորության վրա: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռներն անցել են մոտավորապես 260 կմ բարձրության վրա:

Հրթիռների տեսակը մինչ այժմ որոշված չէ: Ճապոնիայի կառավարությունը ներկայում զբաղված է համապատասխան տեղեկատվության վերլուծությամբ, իսկ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը ենթադրում է, որ դրանցից առնվազն մեկը կարող էր միջմայրցամաքային լինել: ԱՄՆ-ն, սակայն, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, ներկա պահին չունի այն բանի հաստատումներ, որ ԿԺԴՀ-ն հենց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել:

Ճապոնիայի ԱԳ նախարարությունը խոստացել է, որ ձգտելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հասնել ԿԺԴՀ-ի գործողությունների կոշտ պատասխանի՝ հրթիռային արձակումները համարելով «ՄԱԿ-ի ԱԽ-ի գործող բանաձեւերի բացահայտ խախտում»: Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆումիո Կիսիդան հորդորել է միջազգային հանրակցությանը, նախեւառաջ Չինաստանին, նպաստել այն բանին, որ Փենյանը կատարի բոլոր այն պարտավորությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում