Պաշտոնական Բեռլինն անընդունելի է համարում Էրդողանի հայտարարությունները

Պաշտոնական Բեռլինն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Գերմանիայի մասին, որոնցում նա վերջինը նացիստական երկիր էր անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը, խնդրի մասին իր մտահոգություններն է հայտնել Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավար Պետեր Ալթմայերը:

Ընդգծելով, որ նախագահ Էրդողանի հայտարարությունները որևէ կերպ ընդունելի չեն` Ալթմայերն ասել է, որ ինքը դեմ է Գերմանիայում թուրք նախարարների կողմից սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արգելելու կոչերին: Այդուհանդերձ, նա նշել է, որ բոլոր այդ միջոցառումները պետք է կատարվեն օրենքին համապատասխան կերպով:

Էրդողանի հայտարարության առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը, ով Թուրքիայի նախագահի խոսքերը «ամոթալի ու անընդունելի» է որակել:

Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենն ասել է. «Եթե այստեղ կա որևէ բան, որը հիշեցնում է հին ֆաշիստական ժամանակաշրջանը, ապա դա Էրդողանի կիրառած մեթոդներն են, այսինքն` լրագրողներին, մամուլն ու ընդդիմությանը լռեցնելը, կիրառած բռնության քաղաքականությունը, ատելության խոսքը»: Դաղդելենի խոսքով` Գերմանիայի կառավարությունն արդեն ստիպված է կարմիր գիծ քաշել:

Իսկ Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դիեթմար Բարչը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, մասնավորապես` դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և սառեցնել ԵՄ օգնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում