Վտանգ կա, որ այս ընտրությունները փորձելու են վերածել թաղի ընտրության. Իշխան Սաղաթելյան

Նոր ընտրական օրենսգիրքն այն չէր, ինչ ցանկանում էր ՀՅԴ-ն: Այս մասին «SEVAN TV»-ին տված հարցազրույցում հայտարարել է Գեղարքունիք ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը: «Մենք գտնում էինք, որ թեկնածուները պետք է ընտրվեն համապետական մակարդակով կամ ամբողջությամբ անցում կատարեինք համամասնական տարբերակին: Վտանգ կա, որ այս ընտրությունները փորձելու են վերածել թաղի, քաղաքի ընտրության»: Իսկ, առհասարակ, կառավարման խորհրդարանական համակարգը, պատգամավորի թեկնածուն համարում է կարևոր ձեռքբերերում, քանի որ, ըստ նրա, երկրում առկա խնդիրների մեծ մասը պայմանավորված է նախկին Սահմանադրությամբ:

«Երբ արդեն մյուս տարվանից երկիրը լիարժեք կերպով անցնի խորհրդարանական կառավարմանը, երկրի ղեկավարման գործում խորհրդարանը բացառիկ նշանակություն կունենալու: Նա է ձևավորելու իշխանությունը, դատական համակարգը,հետևաբար նոր խորհրդարանում հայտնվող կուսակցություններն ու գործիչները պետք է ունենան հստակ ծրագրեր»,-ասում է պատգամավորի թեկնածուն: Իր ու իր կուսակիցների` խորհրդարան գնալու հիմնական նպատակը, ըստ պատգամավորի թեկնածուի, ՀՅԴ-ի քաղաքական տեսակետները ներկայացնելն է: Իսկ կոնկրետ իր`խորհրդարան անցնելու դեպքում խոստանում` Գեղարքունիքի բոլոր խոշոր քաղաքներում`Գավառ, Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ, ունենալու մշտական պատգամավորական գրասենյակներ, որոնք ամեն ամիս կկազմակերպեն քաղաքացիների հետ ընդունելություն, կլսեն նրանց խնդիրները և կփորձեն բարձրացնել դրանք:

Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի զարգացումը տեսնում է երկու ուղղությամբ`գյուղատնտեսության և զբոսաշրջության. «Սևանում բիզնես անելը շահութաբեր չէ. սա ասում եմ իմ անձնական փորձից, որպես վերջին 25 տարում այնտեղ ներդրումներ անող: Պետք է ներդումների համար պայմաններ ստեղծել, պետությունը պետք է աջակցի»:

Սպասվելիք ընտրակաշառքների մասով էլ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց սթափ դատել: Ընտրությունների նախաշեմին կարտոֆիլ, գարու սերմ, պարարտանյութ առաջարկելու փոխարեն խորհուրդ տվեց գործել հինգ տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Գեղարքունիք ընտրատարածքում ՀՅԴ-ն առաջադրել է իր տարածքային ցուցակով 12 հոգու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում