Սիրիական զորքերն ԻՊ-ի ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպից հյուսիս – արեւելք ընկած 7 գյուղերից

Սիրիական բանակն ընդլայնում է հակաահաբեկչական գործողության մասշտաբները Հալեպից (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) դեպի հյուսիս – արեւելք ընկած շրջանում: Ինչպես SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը, զորքերը եւ աշխարհազորայիններն «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին դուրս են շպրտել ռազմաճակատի այս հատվածի յոթ բնակավայրերից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Ոչնչացվել են հակառակորդի ամրություններն ու հենակետերը Սամիայում, Խիրբեթ Աշինիում, Սուբհաթ Սալմայում, Թաբարում, Ում Մայալայում, Աբու Խանում եւ Ռամս Դուվալում,- հայտարարել է զինվորական ներկայացուցիչը:- Այդ բնակավայրերում վերականգնված են կայունությունը եւ անվտանգությունը»:

Ընդամենը Հալեպից արեւելք ընկած այս շրջանում փետրվարի սկզբից ազատագրվել են ավելի քան 50 քաղաք եւ գյուղ: Զորքերը գտնվում են Էլ Հաֆսի ջրաճնշիչ կայանից 11 կիլոմետր հեռավորության վրա, որը մնում Է ԻՊ-ի ձեռքին: Այս օբյեկտի վերահսկողությունը վերադարձնելը թույլ կտա կարգավորել Հալեպի եւ դրա շրջակայքի ջրամատակարարումը:

Սիրիական հրամանատարության իրականացրած գործողությունը նպատակ ունի դուրս գալ Եփրաթ գետի Ասադ ջրամբար եւ ԻՊ-ի հրոսակախմբերից ազատագրել դրա ափերին գտնվող ավանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում