Նաթանյահուն Իրանին համարել է աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորը

Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Երուսաղեմում հրեական պետության արտաքին գործերի նախարարության շենքում ելույթ ունենալով 1992 թվականի մարտին Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան պայթեցման 25-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը, պայթյուն, որը 29 մարդու կյանք խլեց: Նաթանյահուն Իրանի վրա է դրել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: «Իրանը նախաձեռնեց, Իրանը պլանավորեց եւ Իրանն իր խամաճիկի՝ «Հըզբոլլահ»-ի միջոցով իրականացրեց Բուենոս Այրեսի ահաբեկչական գործողությունը»,-հայտարարել Է Նաթանյահուն:

«Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն գեներատորն է, եւ մենք պարտավոր ենք պայքարել այդ ահաբեկչության դեմ, քանի որ դա Իրանի ագրեսիայի միայն մեկ ուղղությունն է, որը նաեւ փորձում է միջուկային զենք մշակել եւ առաջ է տանում բալիստիկ հրթիռների սեփական ծրագիրը»,– ասել է Նաթանյահուն, որը նաեւ գլխավորում է հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նաթանյահուի հայտարարությունը մեջբերում է Times of Israel թերթը:

Նաթանյահուն, վկայակոչելով «Իսրայելի զինվորական իստեբլիշմենտի ներկայացուցիչներից մեկին, նաեւ հայտնել է, որ Իսրայելի համար անվտանգության բնագավառի խնդիրների 80 տոկոսի աղբյուրն Իրանն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում