Իրաքյան զորքերը հսկողության տակ են առել Մոսուլի գլխավոր կառավարական շենքը

Իրաքի կառավարական ուժերի կազմավորումները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս են մղել Մոսուլի գլխավոր կառավարական շենքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին Reuters գործակալությանը հայտնել է Իրաքի ՆԳ նախարարության էլիտային ստորաբաժանման մամուլի քարտուղար Անդել Ամիր ալ Մուհամեդաուին: 

«Նրանք ոչնչացրել են ԻՊ-ի տասնյակ զինյալների»,– ասել է ուժայինների ներկայացուցիչը:
Երկրի՝ մեծությամբ երկրորդ այս քաղաքի եւ ԻՊ-ի իրաքյան մայրաքաղաքի ազատագրման ռազմարշավն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: Հունվարի վերջին հաջողվեց իշխանությունների հսկողության տակ վերադարձնել արեւելյան Մոսուլը, իսկ փետրվարի 19-ին վարչապետ Հեյդար ալ Աբադին տվեց արեւմտյան Մոսուլի վրա հարձակման մեկնարկը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքի՝ ելուզակային կազմավորումների կողմից դեռեւս վերահսկվող այս մասում բնակվում է ավելի քան 700 հազար մարդ: ԻՊ-ի զինյալների դեմ գործողության սկսվելուց ի վեր Մոսուլի արեւելյան ու արեւմտյան թաղամասերից իրենց տները հարկադրված են եղել լքել գրեթե 200 հազար բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում