ԿԺԴՀ-ն արգելել է երկրից Մալայզիայի դեսպանության աշխատակիցների մեկնումը

ԿԺԴՀ-ի կառավարությունը երկրից Մալայզիայի դեսպանության աշխատակիցների մեկնման արգելք է դրել: Ինչպես նշել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, արգելքը կգործի մինչեւ «Մալայզիայում ԿԺԴՀ-ի քաղաքացու մահվան գործով արդարացի վճռի կայացումը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Դատելով գործակալության տարածած հաղորդագրությունից՝ ԿԺԴՀ-ի արտգործնախարարությունը Մալայզիայի իշխանություններից պահանջում է ապահովել Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատողների անվտանգությունը:

Ավելի վաղ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպան Կան Չհոլն անընդունելի անձ է հայտարարվել: Մալայզիայի կառավարությունը որոշել է դիվանագետին վտարել այն բանից հետո, երբ վերջինս, այդ երկրի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ «հրաժարվել է ներողություն խնդրել Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան առնչությամբ արած իր արտահայտությունների համար»:

Կան Չհոլը խորին մտահոգություն է հայտնել իր նկատմամբ ձեռնարկված «ծայրահեղ միջոցների» կապակցությամբ: Քուալա Լումպուրի օդանավակայանում համապատասխան հայտարարությամբ նա դիմել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում