ԵՄ-ն ապրիլի 5-ին Սիրիային նվիրված դոնորական խորհրաժողով կանցկացնի Բրյուսելում

Եվրամիությունն ապրիլի 5-ին Սիրիային նվիրված դոնորական խորհրաժողով կանցկացնի Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: 

«Եվրամիությունն ապրիլի 5-ին Բրյուսելում կընդունի Սիրիային նվիրված խորհրդաժողովը՝ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի, Քուվեյթի, Նորվեգիայի, Քաթարի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների համանախագահությամբ»,-ասել է նա:

Մոգերինիի խոսքով՝ խորհրդաժողովը կանցկացվի Սիրիայի եւ տարածաշրջանի ապագային աջակցելու նպատակով: «Խորհրդաժողովում մենք կքննարկենք ամբողջ միջազգային հանրակցության կողմից աջակցությունը Սիրիայի ու տարածաշրջանի ապագայի կառուցմանը: Հուսով եմ, որ Ժնեւում բանակցությունների ելքը դրական կլինի, եւ այդժամ մենք կսկսենք պլանավորել՝ ինչ օգնություն կարող ենք տալ երկրի ապագայի համար»,-նշել է նա:

Լրագրողների այն հարցին, թե Սիրիայի կառավարությունը հրավիրված է արդյոք խորհրդաժողովին, Մոգերինին ուղղակի պատասխան չի տվել եւ միայն ասել է, որ միջսիրիական բանակցություններին վերաբերող բոլոր հարցերը ՄԱԿ-ի իրավասության շրջանակներում են:

Առաջիկա հանդիպումը երկրորդը կդառնա դոնորների այն խորհրդաժողովից հետո, որը 2016 թվականի փետրվարի 4-ին կայացել է Լոնդոնում: Այն ժամանակ դրա մասնակիցներն ավելի քան 10 միլիարդ դոլար հավաքեցին Սիրիայի համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում