ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի սպորտի և երիտասարդության նախարարի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մարտի 6-ին հանդիպեց ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Մասուդ Սոլթանիֆարի հետ:

Նախարար Սոլթանիֆարը, բարձր գնահատելով երկու երկրների միջև պատմական և մշակութային ընդհանրություններն ու առկա բարիդրացիական հարաբերությունները, ընդգծեց իրանական կողմի ցանկությունը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն առավել խորացանելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Թումանյանը ևս անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը՝ նշելով մաշակույթի, հումանիտար ոլորտի և, մասնավորապես, սպորտի ու երիտասարդության հարցերի նկատմամբ հետևողական պետական քաղաքականության իրականացման առաջնահերթությունը:

Քննարկվեցին սպորտի ոլորտի տարբեր ֆեդերացիաների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ մրցույթների, ուսումնամարզական միջոցառումների կազմակերպման և առաջատար փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը քննարկվեցին նաև սպորտի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում