Պեկինը բողոք է հայտնել ԱՄՆ-ին եւ ԿՀ-ին Հարավային Կորեայում ՀՀՊ-ի համալիրներ տեղակայելու պատճառով

Չինաստանը վճռական բողոք է հայտնում ԱՄՆ-ին եւ Կորեայի Հանրապետությանը (ԿՀ) Հարավային Կորեայի տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) THAAD համալիրների ծավալումն սկսելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Մենք վճռական բողոք ենք հայտնում ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեայի տարածքում ՀՀՊ THAAD համալիրներ տեղակայելու կապակցությամբ: Չինաստանը վճռական միջոցներ կձեռնարկի անվտանգության ոլորտում սեփական շահերը պաշտպանելու համար, եւ բոլոր համապատասխան հետեւանքները կկրեն ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը»,-ընդգծել է դիվանագետը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Միացյալ Նահանգները ձեռնամուխ է եղել Հարավային Կորեայի տարածքում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրի իրագործմանը, ինչի մասին մարտի 7-ին հայտնել է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:

«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները, ներառյալ երեկվա հրթիռների բազմակի արձակումները, սոսկ հաստատեցին Հարավային Կորեայում THAAD-ի տեղակայման՝ մեր դաշինքի անցյալ տարվա որոշման ճշտությունը»,– ասված է հրամանատարության հայտարարության մեջ:

Ինչպես նշում են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները, THAAD-ի մարտկոցների բաղադրիչների առաջին խմբաքանակն ամերիկյան ռազմափոխադրական ինքնաթիռն արդեն հասցրել է Հարավային Կորեայի ռազմակայան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում