Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ. Չավուշօղլուն հաստատակամ է Գերմանիա գնալու հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիային իրենց «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզարշավը խափանելու փորձ ձեռնարկելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական «Հուրիեթ» պարբերականին հետ հարցազրույցում:

«Պատմության մեջ չտեսնված ճնշումներ են իրականացնում` փորձելով չեղյալ համարել մեր բոլոր ծրագրերը: Իսկական բռնաճնշող ռեժիմ: Մասնավոր սեփականության` հյուրանոցների, հարսանյաց սրահների տերերի նկատմամբ ճնշումներ են գործադրում, ինչի հետևանքով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են հայտարարվում: Ես գնալու եմ, ինձ ոչ ոք չի կարող կանգնեցնել»,– հայտարարել է Չավուշօղլուն` ասելով, թե կգտնի վայր հանդիպելու տեղի թուրքերի հետ:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ գերմանական կողմից եկած արձագանքներին` Թուրքիայի արտգործնախարարը կրկնել է երկրի նախագահին` ասելով. «Բոլոր քայլերը նմանվում են նացիստական շրջանի գործելաոճին: Ճնշում են, որ հանրաքվեին «ոչ» ասեն «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Տալու ենք այս ամենի պատասխանը: Կքննարկենք ձեռնարկվելիք քայլերը, տակ չենք մնա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում