Հունգարիան հաստատեց երկրում անօրինական միգրանտների ազատ տեղաշարժման արգելքի մասին օրենքը

Հունգարիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է այն օրենքը, որն արգելում է երկրում անօրինական միգրանտների եւ փախստականների ազատ տեղաշարժը: Մարտի 7-ին այս մասին հայտնել է AFP գործակալությունը: Նախաձեռնությանը հավանություն է տվել 138 պատգամավոր, վեցը դեմ են քվեարկել, իսկ 22-ը ձեռնպահ են մնացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկրի տարածքում անօրինական կերպով գտնվող բոլոր միգրանտներին եւ փախստականներին կուղարկեն հատուկ «տարանցիկ գոտիներ», որոնք գտնվում են Սերբիայի եւ Խորվաթիայի հետ ձգվող սահմաններին: Այնտեղ նրանց կսպասի ապաստան տրամադրելու իշխանությունների վերջնական որոշումը:

Սույն միջոցը կտարածվի ինչպես նոր ժամանածների, այնպես էլ նրանց վրա, ովքեր արդեն գտնվում են Հունգարիայում՝ 586 մարդ այս տարվա փետրվարի տվյալներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում