Մամեդյարովը հայտնել է մոտ ապագայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին

Մոտ ապագայում Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում տեղի կունենա: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն, մենք պետք է սպասենք Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին»,- ասել է Մամեդյարովը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված լայնածավալ քննարկումներ են ունեցել, փոխանակվել են մտքերով: «Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մենք կվերադառնանք խնդրին»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությանը՝ նա նշել է, որ այդ լարված վիճակը ցույց է տալիս,որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, իսկ բանակցություններում պետք է առաջընթաց արձանագրվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում