Եթե հակառակորդը չի ձգտում խաղաղության, խաղաղությունը նրան պարտադրում են

Ինչպես գիտենք ՀԱԿ-ի կարգախոսն է «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Սա ըստ էության մինչև կարգախոս դառնալը Լևոն Տեր-Պետրոսյանի միտքն էր հնչեցված իր ելույթում: Սակայն քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած արտահայտություն իր կուսակիցների շրջանում ընդունվում է անառարկելիորեն և վերածվում թևավոր խոսքի, այդպես էլ այս մեկը դարձավ կարգախոս, որով էլ այժմ գնում են ընտրության:

Կան կարգախոսներ, որոնք այլ տրամաբանություն են ենթադրում, երբ դիմում ես արտաքին աշխարհին և միանգամայն այլ երանգ են ունենում, երբ դրանք հրամցնում ես ներքին քաղաքական լսարանին: Այս տխրահռչակ կարգախոսը, որպես ներքին լսարանին մատուցված թեզ ամբողջովին խեղաթյուրում է իրականությունը և վտանգի տակ է դնում սեփական պետությունը, թուլացնելով նրա դիրքերը արտաքին աշխարհի հետ հարաբերման գործընթացներում:

Ընտրությունների գնալ նման կարգախոսով և պահանջել խաղաղություն, նշանակում է հենց սեփական երկրիդ ես մեղադրում ագրեսիայի մեջ, քանի որ չի կարելի ընտրություններին պահանջել մի բան, որը միակողմանիորեն քեզանից չէ կախված: Այլ բան է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի միակ նկատակն է իր հրաժարականը պատմության էջերում սրբագրելը և սոսկ իրեն հերոսական լույսի տակ ներկայացնելը, սակայն դա չի նշանակում, որ հանրությունը պետք է ընդառաջ գնա այդ եսակենտրոն մոտեցմանը և հագուրդ տա չբավարարված ամբիցիաներին:

Ցինիզմը կայանում է նրանում, որ ՀԱԿ բոլոր ռեյտինգային թեկնածուները իրենց կարգախոսները սկսում են խաղաղություն բառով և հայտարարում, որ ընտրողներին բացատրելու են իրենց այդ կարգախոսների ամբողջ կարևորությունը: Եթե նրանք կարծում են, որ հայ հասարակությունը ռազմատենչ է ու չի կարևորում խաղաղության արժեքը, ապա չարաչար սխալվում են: Սակայն կա խաղաղության գին, որը չարժե վճարել, եթե կասկածի տակ են դրվելու ազգային իղձերը, նպատակներն ու ձգտումները:

Չի կարելի ձգտել խաղաղության, անորոշության դիմաց: Չի կարելի խոսել փոխզիջումներից, երբ հակառակորդդ հարցին մոտենում է մաքսիմալիզմի դիրքերից: Նման դեպքերումմ դա վերածվում է ոչ թե խաղաղութան, այլ պարտության: Նման դեպքերում փոխզիջմանդ պատրաստակամությունը փոխվում է միայն զիջման:

Ներքին լսարանում օգտագործելով այդ կարգախոսը, դա նշանակում է կամա թե ակամա դու հենց ներքին լսարանից էլ պահանջում ես այդ խաղաղությունը, հաշտությունն ու բարիդրացիությունը:

Իսկ եթե կարգախոսը ուղղված է ոչ ներիքն լսարանի համար, ապա նախ հարց է առաջանում, ինչու՞ այն օգտագործել ընտրությունների ժամանակ կամ առհասարակ ու՞մ հետ ես պատրաստվում խաղաղություն կնքել, հաշտության գալ և բարիդրացիություն հաստատել: Այդ երևույթները սովորաբար միակողմանի չեն լինում: Խաղաղությունն ու հաշտությունը ենթադրում է երկկողմ պատրաստակամություն, բարիդրացիությունը պահանջում է փոխադարձ քայլերի ձգտում:

Դու այսօր խաղաղության ես ձգտում մեկի հետ, ով գրեթե ամեն օր նախահարձակ է լինում, որի արդյունքում զոհվում են երիտասարդներ: Հաշտություն ես ուզում մեկից, ում երազանքը քեզ ծնկի բերելն է: Բարիդրացիական հարաբերություններ ես ուզում հաստատել մեկի հետ, ով քո նկատմամբ թշնամություն է սերմանում իր սեփական հանրության բոլոր շերտերում: Ռացիոնալ գործիչ ես կոչում մեկին, ով ազգային հերոսի կոչում է շնորհում նրան, ով սպանում է քո խաղաղ քնած քաղաքացուն:

Այնուհետև սեփական հասարակությանդ անգրագետի տեղ դրած փորձում ես բացատրել ռացիոնալ բառի իմաստը, դիմելով մանիպուլիացիաների: Փորձում ես ապացուցել, իբր ռացիոնալ է կոչվում նա, ով ունակ է մտածել, իսկ քանի որ ըստ քեզ Ալիևը հոգեկան հիվանդ չէ, ուրեմն ռացիոնալ է մտածում:

Սակայն իրականում մարդը կարող է չլինել հոգեկան հիվանդ, բայց իր մոտեցումներում դրսևորի իռացիոնալություն: Վերջապես ռացիոնալ նշանակում է արդյունավետ, իսկ իռացիոնալ ոչ արդյունավետ: Ցանկացած բժիշկ, ցանկացած հոգեբան, որը ունի ռացիոնալ մտածելակերպ, կարող է փաստել, որ տվյալ պարագայում նման կարգախոսով սեփական հանրությանը դիմելը իռացիոնալ մոտեցում է:

Մենք բոլորս ենք ուզում խաղաղություն, սակայն եթե հակառակորդը դրան չի ձգտում, ապա խաղաղության կոչեր անելու փոխարեն, պարզապես այդ խաղաղությունը պետք է պարտադրել նրան:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում