Տիբեթում կբացվի ամենաբարձրլեռնային ավտոմոբիլային թունելը

2017 թվականի սեպտեմբերին ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում կբացվի նոր ամենաբարձրլեռնային ավտոմոբիլային թունելը, ծովի մակարդակից որի բարձրությունը 4,74 հազար մետր է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին գրում Է China Daily թերթը՝ վկայակոչելով շինարարների շտաբը: 

Թունելը փորվում է Նինգչի եւ Լհասա քաղաքային օկրուգների միջեւ ընկած Միլա լեռան մեջ: Այն դառնալու է Լհասա-Նինգչի արագընթացիկ ավտոճանապարհի բաղկացուցիչ մասը: Թունելի մի ուղեգծի երկարությունը կազմում է 5 հազար 727 մետր, հանդիպական ուղեգծինը՝ 5 հազար 720 մետր:

Թունելի շինարարությունն սկսվել է 2015 թվականի ապրիլին: Ներկայում աշխատանքներն ավարտված են գրեթե 70 տոկոսով: Շինարարների շտաբի ղեկավար Վան Լյանի խոսքով՝ աշխատանքները դժվարացնում են բարձրության վրա թթվածնի ցածր պարունակությունը, ինչպես նաեւ սառնամանիքները, որոնք ձմռանը հասնում են մինուս 30 աստիճանի:

Ներկայում աշխարհում ամենաբարձրլեռնային ավտոմոբիլային թունելը 2016 թվականի սեպտեմբերին Չինաստանի Ցինհայ նահանգում կառուցված թունելն է: Դրա ուղեգծի միջին բարձրությունը գերազանցում է 4,4 կիլոմետրը: Այն ձգվում է Տիբեթի ինքնավար շրջանի Գոլոգի Մացին գավառում եւ 419-կիլոմետրանոց բարձրլեռնային խճուղու բաղկացուցիչ մասն է, որը բացվելու է 2017 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում