Հայտարարվել են աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր 10 մայրաքաղաքները

Աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր 10 մայրաքաղաքների ցուցակը գլխավորել է Ստոկհոլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է բրիտանական The Telegraph թերթը, որն այս վարկանիշը կազմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների հիման վրա: 

Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է Վելինգտոնը (Նոր Զելանդիա), իսկ եռյակը եզրափակում Է Ավստրալիայի Կանբերա քաղաքը:

Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Օտտավային (Կանադա), հինգերորդը՝ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգին: Տասնյակում նվազման կարգով նաեւ տեղ են գտել Մոնտեվիդեոն (Ուրուգվայ), Տալլինը (Էստոնիա), Հելսինկին (Ֆինլանդիա), Մոնակոն եւ Մադրիդը (Իսպանիա):

Աշխարհի մայրաքաղաքներից ամենաաղտոտվածն են ճանաչվել Էր Ռիադը (Սաուդյան Արաբիա): Հակավարկանիշում նաեւ տեղ են գտել Նյու Դելին (Հնդկաստան) եւ Դոհան (Քաթար):

Վարկանիշը կազմելիս փորձագետները կողմնորոշվել են քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ տեղեկություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում