Հայաստանում հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 40,9, ներմուծումը` 24,7 տոկոսով

Հայաստանում 2017 թվականի հունվարին արտահանվել է 43 մլն 251,4 հազար ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 30 մլն 698,7 հազար ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը նշանակում է, որ այս տարվա հունվարին դրա արտահանումն ավելացել է 40,9 տոկոսով:

Միևնույն ժամանակ, Հայաստան է ներմուծվել 78 մլն 332,5 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, իսկ 2016 թվականի հունվարին 62 մլն 831,1 հազար դոլարի: Ներմուծման ծավալները նույնպես աճել են: Աճը կազմում է 24,7 տոկոս:

Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալը 2017 թվականի հունվարին կազմել 740,3 հազար դոլար, իսկ նախորդ տարվա հունվարին` 328 հազար դոլար` աճելով շուրջ 2,3 անգամ: Ներմուծման ծավալներն այս տարվա հունվարին կազմել են 16 մլն 499 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 10 մլն 882,6 հազար դոլար: Աճը կազմել է 51,6 տոկոս:

Պլաստմասսայի և դրանցից պատրաստված իրերի, կաուչուկ և ռետինե իրերի արտահանումը նվազել է 2,9 տոկոսով: Այս տարվա հունվարին արտահանվել են 270 հազար դոլարի պլաստմասսա և դրանցից պատրաստված իրեր, կաուչուկ և ռետինե իրեր, իսկ նախորդ տարվա հունվարին՝ 278,1 հազար դոլարի: Սակայն դրանց ներմուծման ծավալները 2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2,5 անգամ: Այս տարվա հունվարին ներմուծվել էր 7 մլն 316,5 հազար դոլարի, իսկ նախորդ տարվա հունվարին` 2 մլն 946,8 հազար դոլարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում