Թիլերսոնը Ուկրաինային խոստացել է պահպանել հակառուսական պատժամիջոցները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի ԱԳ նախարարության կայքում, Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ն այսուհետեւ էլ աջակցելու է Ուկրաինային, իսկ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ կմնան մինչեւ Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը, «ագրեսիայի դադարեցումը եւ Դոնբասի ու Ղրիմի ապաօկուպացումը»: «Ինչպես նշվում է, Կլիմկինը շնորհակալություն է հայտնել «ՌԴ-ի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարում» ԱՄՆ-ի դրսեւորած համերաշխության համար:

«Հետեւողական գործնական աջակցությունը, որը ցուցաբերում է Միացյալ Նահանգները, Ուկրաինային թույլ է տվել էական առաջընթացի հասնել համալիր սոցիալ-տնտեսական վերափոխումների անցկացման եւ անվտանգության ու պաշտպանության սեկտորի բարենորոգման գործում»,– ասված է հաղորդագրության մեջ: Նաեւ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի եւ ԱՄՆի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում