«Որպես պատասխանատու քաղաքական ուժ` ՀՀԿ-ն հանդես է գալիս իրատեսական ծրագրերով»

Արդեն երկրորդ օրն է, ինչ պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Ըստ էության, արդեն հայտնի են ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ծրագրերն ու որդեգրած քաղաքականությունը: Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, քաղական ուժերի նախընտրական խոստումների եւ որպես պատգամավորի թեկնածու` իր առաջադրման մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ԲԱՌԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ, ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿԱՐԾԵՍ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

–Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ, նախընտրական այս շրջանում ի՞նչ «անակնկալներ» են սպասվում մեր հանրությանը:

– Քարոզարշավի պաշտոնական մեկնարկի երկրորդ օրվա դրությամբ` կարելի է փաստել, որ անակնկալներ չկան: Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները բնականոն քարոզարշավ են ծավալում, բոլոր հնարավոր միջոցներով փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը, գաղափարներն ու մոտեցումները: Բառի բացասական իմաստով, անականկալներ կարծես չեն լինելու:

– Երեկ նախընտրական իրավիճակի մասին իր վատատեսական կարծիքն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մասնավորապես ընդգծելով, որ այս ընտրություններին գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու, եւ ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ` զոռբայության մթնոլորտում: Որքանո՞վ Ռ. Քոչարյանի մտահոգությունները աղերս ունեն մեր իրականության հետ:

– Նախկին նախագահը որոշել է արտահայտվել եւ արտահայտվել է: Այն քաղաքական ուժերը, որոնք Ռ. Քոչարյանի իշխանության տարիներին եղել են նրա քաղաքական հենարանը, այսօր էլ քաղաքական թատերաբեմում են, ավելին` այս օրերին զբաղված են ակտիվ ու խանդավառ նախընտրական քարոզարշավով: Չգիտեմ, թե ի՞նչ է փոխվել գաղափարական դաշտում, բայց գործընթացների նկատմամբ վատատեսությունը կամ վատատեսական կանխատեսումներն օբյեկտիվ հիմքեր չունեն:

«ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ՉԱՓԱԶԱՆՑ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ»

–Ընտրություններին մասնակցող դաշինքներն ու կուսակցություններն այս օրերին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը: Այդ թվում` «Հայկական վերածնունդն» առաջարկում է 18 տարեկաններին սահման չուղարկել, իսկ երկրի ընդերքից նավթ ու գազ հանել: Ի՞նչ կասեք այս մասին:

– ՀՎԿ մոտեցումներն ավելի շատ քարոզչական հնարքներ են հիշեցնում: Նախընտրական շրջանում միշտ էլ փորձում են ականջահաճո կարգախոսներով հանդես գալ, սա միայն հայկական ֆենոմեն չէ: Այնուամենայնիվ, պատերազմող պետության բանակային խնդիրներին պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ: Զինված ուժերի հետ կապված ականջահաճո հայտարարություններն ու ամբոխավարական ծրագրերը չեն կարող ողջունվել: Լավ կլիներ, որ քաղաքական կարգախոսների շահարկման այլ ոլորտ ընտրեին եւ զգուշանային այնպիսի թեմաների արծարծումից, որոնք վերաբերում են պաշտպանության համակարգին, որը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է:

– Բարգավաճ Հայաստան կերտելու մասին «Ծառուկյան դաշինքի» 15 կետերը լուրջ տարակարծություն առաջացրին տնտեսագետների շրջանում: Նրանք գտնում են, որ այդ կետերը մեր պետական բյուջեի հետ ոչ մի կապ չունեն: Որքանո՞վ նման «խոստումնալից» ծրագրով նրանց կհաջողվի պահպանել խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժը լինելու իրենց դիրքը:

– Ծրագրերին ու դրանց կենսունակությանը գնահատական կտա ընտրողը: Ընտրություններին մասնակցող ուժերը բավարար ժամանակ ունեն` ներկայացնելու իրենց ծրագրերն ու գաղափարները, համոզելու իրենց իրավացիությունն ու ծրագրերի մրցունակությունը: Այս պահին դժվար է գնահատական տալ կամ կանխատեսել, թե արդյո՞ք կհաջողվի նրանց պահպանել խորհրդարանում երկրորդ ուժի կարգավիճակը, դա ցույց կտա ընտրության արդյունքը: Ինչ վերաբերում է տնտեսագիտական հիմնավորումներին, ապա դրանք բանավեճերի, ինչու ոչ, նաեւ մասնագիտական հաշվարկների դաշտից են: Եթե որդեգրել են նման քաղաքականություն, ապա ինչ-որ հաշվարկ ունեն: Իսկ թե ինչքանո՞վ այն կլինի արդյունավետ, ակնհայտ կդառնա ընտրության արդյունքների հրապարակման պահին:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՇԱՏ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ՈՒՆԻ»

–Իշխանության նախկին անդամներից կազմված ՕՐՕ դաշինքն էլ հիմնականում խոսում է կոռուպցիայից, իշխանությունների սխալական լինելուց… Ի վերջո, արդյոք այս մարդիկ բարոյական իրավունք ունե՞ն խոսել այն մասին, ինչի մասին լռում էին իրենց իշխանության օրոք:

– Թերեւս, բնականոն գործընթաց է: Նախկին նախարարները, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, պետք է չէ՞ ինչ-որ բանից խոսեն: Իրենց էլ պետք է չէ՞ ոչ վաղ անցյալից հարցեր տան: Գործընթացն այս փուլում է: Ընդդիմադիր գործունեությունն իր տրամաբանությունն ունի, եւ նրանք գործում են հենց այդ տրամաբանության համատեքստում ու ձեւաչափում: Բարոյական իրավունքի մասով ես չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնեմ:

– Իսկ ՀԱԿ-ը որոշել է ժողովրդին «դառը անալգին» առաջարկել` հետեւողական շարունակելով պնդել Արցախի հարցում իրենց զիջումային քաղաքականության մասին: Առհասարակ, այս պարտվողական մոտեցումը հանրության շրջանում համախոհներ կարո՞ղ է ունենալ:

– Չեմ կարծում, թե առաջին նախագահն արցախյան հարցում շատ համախոհներ ունի կամ կարող է եղածների թիվն ավելացնել: Եթե Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում Ադրբեջանը չի ցանկանում գնալ երկխոսության, ապա ինչո՞ւ ակնարկել տարածքային զիջումների մասին: Եթե Տեր-Պետրոսյանը պատերազմ է կանխատեսում, ապա այսօրվա ստատուս-քվոյի պարագայում այդ պատերազմը կարող է ընթանալ մեր բնակավայրերից բավականին հեռու տարածքներում: Ինչո՞ւ պետք է մեր բանակին զրկենք մանեւրելու հնարավորությունից: Թող Ադրբեջանը մտածի, թե մարտական գործողություններ վերսկսելու դեպքում ի՞նչ է լինելու սահմանակից ադրբեջանական բնակավայների ճակատագիրը, որտեղ, ի դեպ, շուրջ մեկ միլիոն մարդ է ապրում:

«ԵԹԵ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱՄ, ԱՊԱ ԻՆՁ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ»

–Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ին, որը դեռ «ոսկե սարեր» չի խոստացել ընտրողներին: Ինչո՞ւ պետք է ժողովուրդը հենց Հանրապետականին ընտրի:

– Որովհետեւ ՀՀԿ-ն բոլորից լավ է պատկերացնում երկրի թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին խնդիրները: ՀՀԿ-ն ներկայանում է ամենամրցունակ կադրային հենքով: ՀՀԿ-ն կառավարչական ամենամեծ փորձն ունի Հայաստանում, ուստի եւ «ոսկե սարեր» երբեք չի խոստացել, եւ համոզված եմ, որ ապագայում էլ չի խոստանալու: Ընդհանրապես, այն քաղաքական ուժը, որը հավակնում է ստանձնել պետության կառավարման ղեկը, երբեք իրեն վատ դրության մեջ չի դնում, որովհետեւ շատ լավ պատկերացնում է, որ մարդիկ պատասխան են պահանջելու խոստացածի եւ չարածի համար: Իսկ այն ուժերը, որոնք քաղաքական գործընթացում մասնակցային խնդիր են լուծում ընդամենը, կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Որպես պատասխանատու քաղաքական ուժ` ՀՀԿ-ն հանդես է գալիս իրատեսական ծրագրերով:

– Ի դեպ, ՀՀԿ համամասնական ցուցակի 26-րդ հորիզոնականում Ձեր անուն-ազգանունն է: Կարելի՞ է ասել, որ քաղաքագիտական գործունեությունը որոշել եք փոխարինել օրենսդրական աշխատանքով եւ ի՞նչ եք պատրաստվում փոխել Ազգային ժողովում:

– Տասը տարուց ավել ՀՀԿ անդամ եմ, եւ կուսակցության ղեկավար մարմնի որոշմամբ` ընդգրվել եմ համամասնական ցուցակում: Նշանակում է, կուսակցության ղեկավարությունն առաջիկա տարիներին իմ դերակատարության արդյունավետությունը պատկերացնում է օրենսդիր իշխանության աշխատանքներում: Իմ պարագայում խոսել Ազգային ժողովում ինչ-որ բան փոխելուց, կնշանակի ամպագոռգոռ հայտարարություն անել: Երբեք մեսիականության կողմնակիցը չեմ եղել, ոչ էլ` մեծախոսության: Եթե ԱԺ պատգամավոր դառնամ, ապա ինձ պատկերացնում եմ թիմային աշխատանքի տիրույթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում