Խորհրդարանական ընտրություններ 2017. Տավուշում ուրվագծվում են առաջատարները

Թիվ 13 ընտրատարածքը, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզը, այն ընտրատարածքներից մեկն է, որտեղ համեմատաբար մեղմ մրցակցություն է սպասվում՝ հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին: Հիմնականում այն տպավորությունն է, որ թեկնածուների մեծամասնությունն առաջադրվել է հանուն առաջադրման ու իրենց մասնակցությունը կրում է զուտ օլիմպիական բնույթ:

Թեպետ քաղաքական ուժերի կողմից նման բազմաքանակ թեկնածուներ առաջադրելը արդարացված է, քանի որ դա է պահանջում ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունը: Յուրաքանչյուր թեկնածուին եթե նույնիսկ 5 մարդ ընտրի, մեծամասնությունը ավելին հավաքելու հույսեր հնարավոր է այնքան էլ չունենա, ապա այդ ձայները ինքնաբերաբար գրանցվելու են տվյալ կուսակցության օգտին: Իսկ այն, որ որոշ քաղաքական ուժերի առաջադրած անձանց նույնիսկ ողջ ցանկը գրեթե ոչինչ չի ասում, դա արդեն խոսում է տվյալ քաղաքական ուժի ոչ բավարար քաղաքական կապիտալ ունենալու մասին:

Գուցե այդ ընտրատարածքի առանձնապես թեժ պայքար չխոստացող մթնոլորտն էր պատճառներից մեկը, որ «Ծառուկյան» դաշինքը իր քարոզարշավը սկսեց հատկապես Տավուշի մարզից: Այդ քայլը անխոս մեծ կշիռ հաղորդեց դաշինքի կողմից այդ մարզում արաջադրված թեկնածուներին:

Ինչևէ, փորձենք առանձնացնել այն թեկնածուներին, որոնց անունները որոշ չափով հայտնի են հասարակության լայն շրջաններին կամ քաղաքական, լրատվական դաշտին: Անշուշտ կլինեն մարդիկ, ովքեր հայտնի են ու հարգանք են վայելում իրենց համայնքում կամ մարզում, բայց խորհրդարանական ընտրությունները հանդիսանալով որպես համապետական միջոցառում, մենք փորձում են վերլուծել այն թեկնածուների հնավարությունները, որոնց ճանաչվածությունը դուրս է մարզային շրջանակներից:

Առաջնորվդելով վերը նշված չափորոշիչներով, մենք առանձնացրել ենք միայն 4 հոգու: ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, «Ծառուկյան» դաշինքից Վարուժան Բաբաջանյանին, ՀՅԴ-ից Արտավազդ Սահակյանին և Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից Անժելա Խաչատրյանին:

Անժելա Խաչատրյանը լավ տպավորություն է թողնում հարցազրույցների և բանավեճերի ժամանակ: Զսպվածությունն ու գրագիտությունը ապագայում կարող են լավ այցեքարտ հանդիսանալ նրա հետագա առաջընթացի համար, սակայն այս պահին գտնվելով քաղաքական գործունեության գրեթե մեկնարկային դիրքում, նա դեռևս չունի այն քաղաքական ճանաչվածությունը, ազդեցությունն ու քաղաքական վարկանիշը, որպեսզի կարողանա հանդիսանալ առավելագույն ձայներ հավակնող թեկնածուներից մեկը:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Ի՞նչ սպասել Գեղարքունիքում

Առավելագույն ձայներ ստանալուն կարող է հավակնել Վարուժան Բաբաջանյանը: Նրա ընտրական գործիքաշարը բավականին առավելություններ կարող է հաղորդել նրան մրցակիցների նկատմամբ: Առաջինը այն քաղաքական թիմն է, որ նա ներկայացնում է:
Բացի իր քաղաքական թիմի ֆինանսական հնարավորություններից, այնուամենայնիվ փաստ է, որ «Ծառուկյան» դաշինքը ունի կուռ ու բավականին ստվար ընտրազանգված ողջ հանրապետության տարածքում և բազմաթիվ մարդիկ փոփոխությունների ակնկալիքներ ունեն Գագիկ Ծառուկյանից:

Այստեղ էական նշանակություն ունի նաև հենց Վարուժան Բաբաջանյանի դերակատարությունը, որպես թեկնածու: Նրան աջակցում են մի շարք լրատվամիջոցներ, իսկ ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների դերն անտեսել, նշանակում է դրսևորել քաղաքական անհեռատեսություն:

Բացի այդ Վարուժան Բաբաջանյանը ծնունդով լինելով Տավուշից, մշտապես պահպանել է կապը հարազատ մարզի հետ և հաշվի առնելով նրա մարդկային խառնվածքը ակնհայտորեն կարելի է փաստել, որ չհաշված ընտրությունների ժամանակ զգալի ազդեցություն թողնող գործոնները, ինքը նույնպես տիրապետում է բազմաթիվ ձայների, որոնք որևէ կապ չունեն նշված գործոնների հետ:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Թեժ պայքար թիվ 4 ընտրատարածքում

Հաջորդ թեկնածուն ՀՅԴ-ի կողմից առաջադրված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն է: Կարծում եմ Արտավազդ Սահակյանին ներկայացնելու որևէ անհաժեշտություն չկա:
Արտավազդ Սահակյանն այն քիչ թեկնածուներից մեկն է, որի դեպքում, որը քաղաքական ուժն էլ ներկայացներ, ոչ թե տվյալ ուժներ կշիռ հաղորդելու իրեն, այլ ինքն էր բարձրացնելու այդ քաղաքական միավորի վարկանիշը:

Եվ վերջինը, որը հավակնում է առավելագույն ձայն ստացողներից մեկը լինել, ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանն է: Անկեղծ ասած Հակոբյանը չի դասվում այն պատգամավորների շարքին, որի քաղաքական և օրենսդրական գործունեությանը ծանոթ են հասարակության լայն շերտերը: Որպես քաղաքական գործիչ, դժվար է մատնանշել նրա ուրույն քաղաքական ու գաղափարական ծրագրերը, առանձնացնել գործչին բնորոշ նրա հատկությունները: Որպես օրենսդիր առավել դժվար է փաստել, թե հատկապես ինչպիսի օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել ու իրականացրել: Սակայն մի բանում նա հաջողել է: «Կիլիկիա» գարեջուրը, որի սեփականատերն է հանդիսանում Հակոբ Հակոբյանը, ՀՀ-ում ու նրա սահմաններից դուրս, ամենապահանջված գարեջրերից մեկն է: Արդյո՞ք լավ գարեջուրը պատգամավոր դառնալու գրվավական է, թե ոչ, ամեն դեպքում հենց այդ գարեջրից ստացված հասույթներն առաջին հերթին կուղղվեն ընտրապայքար ծավալելուն ու կապահովեն հսկայական ընտրաձայներ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում