Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը Պակ Կըն Հեի իմպիչմենտի շուրջ որոշումը կհայտարարի մարտի 10-ին

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի վերաբերյալ իր որոշումը կհայտարարի մարտի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը, հայտնել է դատարանի ներկայացուցիչ Պե Բու Յունը: Նրա խոսքով՝ դատական նիստը կհեռարձակվի ուղիղ եթերում: Անցյալ տարվա դեկտեմբերին հարավկորեական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին, որին մեղադրել են կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Այժմ իմպիչմենտը պետք է հաստատի կամ մերժի Սահմանադրական դատարանը:

Խորհրդարանի որոշման հաստատման դեպքում նոր նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընաթացքում:

Այն դեպքում, եթե դատարանը մերժի Պակ Կըն Հեի իմպիչմենտի մասին որոշումը, նա կվերականգնվի իր պաշտոնում եւ կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2018 թվականի փետրվար, իսկ նախագահի ընտրությունները տեղի կունենան պլանի համաձայն՝ դեկտեմբերին:Ներկայում Հարավային Կորեայի նախագահի պարտականությունները կատարում Է վարչապետ Հվան Գյո Անը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում