Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը պլանավորված է մարտի 23-ին. դե Միստուրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան պլանավորում է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների նոր փուլն սկսել մարտի 23-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա մարտի 8-ին լրագրողներին հայտարարել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտից հետո:

«Ներկա պահին ես մտադիր եմ հրավիրված պատվիրակություներին Ժնեւում բանակցությունների հինգերորդ փուլին հավաքել մարտի 23-ին»,– ասել է դե Միստուրան: Նրա խոսքով՝ քննարկումների մասնակիցները պետք է Ժնեւ ժամանեն դրանից մեկ օր առաջ: Դե Միստուրան ճշտել է, որ բանակցությունները, ինչպես եւ նախորդ փուլի ընթացքում, կընթանան միջնորդի օգնությամբ՝ հանձինս իրեն:

«Հարմար պահին մենք կարող ենք անցնել ուղղակի բանակցությունների, բայց կարծում ենք, որ անուղղակի բանակցությունները շատ ավելի արդյունավետ են, քանի որ միջնորդը կարող է ավելի լավ կատարել իր աշխատանքը»,– պարզաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում