Հավայիի նահանգը բողոքարկել է Թրամփի՝ ահաբեկչության դեմ պայքարի հրամանագիրը

Հավային դարձել է Ամերիկայի առաջին նահանգը, որը հայցադիմում է ներկայացրել դատարանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագիրն արգելափակելու նպատակով, հաղորդել է Assiociated Press գործակալությունը: Նահանգի դատախազները հայցը Հոնոլուլուի ֆեդերալ դատարանում հարուցել են մարտի 8-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Մարտի 6-ին Թրամփն ստորագրել է «Երկիր օտարերկրացի ահաբեկիչների ժամանունից պաշտպանվելու մասին» կատարողական հրամանագիրը՝ համանման թեմայով նախորդ հրամանագրի փոխարեն, որը կասեցվել էր դատարանի կողմից: Նոր հրամանագիրը, որն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին, բովանդակում է ձեւակերպումների որոշ զիջողություններ. օրինակ՝ Իրաքը հանված է այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիներին ժամանակավորապես արգելված է մուտքն ԱՄՆ, մուտքի արգելքը նաեւ չի վերաբերի գործող այցագրերի տերերին եւ «արգելված երկրի» եւ ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձանց: 

90 օրով «սեւ ցուցակ» են մտել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիները: Հրամանագիրը հաստատում է սկզբնապես հունվարի վերջին ընդունված հիմնական միջոցառումները. մի շարք երկրներից մուտքի եւ փախստականների ընդունման ծրագրի դադարեցումը:

Հունվարի վերջին ստորագրված նախորդ հրամանագիրը դատարանի կողմից ժամանակավորապես չեղարկվել էր, ուստի վարչակազմը որոշել էր մշակել նորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում