Կառավարությունը կշարունակի պարարտանյութը գյուղացուն տրամադրել սուբսիդավորված գնով

ՀՀ կառավարությունը կշարունակի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու քաղաքականությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ անցկացված մրցույթում հաղթող են ճանաչվել 3 ընկերություն, որից մեկը հրաժարվել է, և հիմա պայմանագիր են կնքել «Տորգովի Դոմ Դոնսկոյ Ագրոխիմ ցենտր» և «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: «Նախատեսված սուբսիդիաներից տնտեսվել է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ, և կառավարության հաստատմանն ենք ներկայացնում այն գումարները, որոնք պետք է տրամադրվեն որպես դրամաշնորհներ և սուբսիդիա այդ երկու ընկերություններին»,- ասաց Առաքելյանը:

Գործադիրը հաստատեց նաև ՀՀ 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին որոշման նախագիծը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մարզային այցերի ժամանակ շատ դեպքերում հարց է բարձրացվում, որ տրված սերմերը չեն համապատասխանում արդյունավետությանը:

«Եվ երբ գալիս է վճարելու պահը, հայտնի է դառնում, որ տվյալ մարդը չի կարող վճարել, որովհետև բերքատվությունը, արդյունավետությունը լավը չեն եղել: Այս անգամ պայմանագիր ստորագրելուց ֆիքսե՞լ եք կողմերի պատասխանատվությունը, այդ թվում՝ մեր»,-հարցրեց վարչապետը: Ի պատասխան՝ Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, արդյունքները հրապարակվելու են:

«Շատ ուշադիր եղեք, քանի որ եթե դա ֆորմալիզացված չէ, միշտ տարբեր մեկնաբանությունների տեղ է տալու, որոնք կարող են հիմնավորված կամ ոչ հիմնավորված լինել»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում