Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 32 տոկոսով

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև երկկողմ առեևտրաշրջանառությունը 2016-ին նվազել է 1,3 անգամ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Նվազման հիմնական պատճառներն են հանդիսացել ռուբլու արժեզրկումը, նավթի և մետաղների գնանկումը, ինչպես նաև Թուրքիայի Ռուսաստան պտուղ-բանջարեղեն արտահանելու արգելքը:

Մարտի 10-ին տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ի թիվս ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի առաջնային քննարկվելու են նաև այս երկու երկրների առևտրային հարաբերությունները:

Հանդիպման ժամանակ ստորագրվելու են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներին վերաբերող միջկառավարական համագործակցության մի շարք պայմանագրեր:

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության հաղորդմամբ` 2016-ին ռուս-թուրքական երկկողմ տարեկան առևտրաշրջանառությունը 2015-ի համեմատ նվազել է 32,1 տոկոսով` 15,84 մլրդ դոլարով:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Թուրքիա արտահանման ծավալները նվազել են 29 տոկոսով` 13,69 մլրդ դոլար, իսկ Թուրքիայից կատարվող ներմուծումը` 47 տոկոսով` 2,14 մլրդ դոլարով:

2016-ին Թուրքիան Ռուսաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Այն երկրների շարքում, որտեղից Ռուսաստանը ապրանքներ է ներմուծել 2016-ին Թուրքիան զբաղեցրել է 22-րդ տեղը:

2016-ին Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 3,4 տոկոս:

2015-ի Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ փրկվել են:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել էր «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված» եւ նշել, որ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:

Ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը թուրքական օդուժի կողմից Սիրիայի տարածքում խոցվելու հետ կապված ռուս-թուրքական հարաբերությունների գերլարված ֆոնին Ռուսաստանը պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Ռուսաստանը 2016 թվականի հոկտեմբերից մասնակիորեն վերացրել էր թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն, որը գործում էր 2016 թվականի հունվարի 1-ից: Այդուհանդերձ, արգելքը շարունակում է պահպանվել լոլիկի, հավի, խնձորի, տանձի, խաղողի, ելակի և մի շարք այլ մթերքների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում